Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում կատարվող փոփոխությունները գալիս են վկայելու, որ հայ-ռուսական ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է տեղափոխվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը: Նա նշեց, որ պայմանագրում կատարվող փոփոխությունները բարձրացնում են Հայաստանի անվտանգության որակն ու երաշխիքները, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում կայունության ամրապնդման վրա:
Անդրադառնալով պայմանագրում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով, իսկ հետագայում՝ հնգական տարով այդ ժամկետը երկարելու է, Սաֆարյանը նշեց. «Սա նույնպես տեւական խաղաղության եւ տարածաշրջանում տեւական անվտանգության երաշխիքների ստեղծմանն ուղղված քայլ է, որը վերջ է դնում այն խոսակցություններին, թե արդյո՞ք հայ-ռուսական ռազմական համագործակցությունը կենսունակ կլինի, եթե ՀՀ-ն որեւէ կողմից ագրեսիայի ենթարկվի»:
Հարցին, թե փոփոխվող աշխարհում նման երկար ժամկետով ռազմաբազաների տեղակայումը որքանո՞վ է նպատակահարմար, պատգամավորն արձագանքեց. «Որեւէ խանգարիչ հանգամանք մեր արտաքին քաղաքականության մյուս ուղղությունների նկատմամբ, այս փաստաթուղթը չունի, որովհետեւ մեր պետությունը, մի կողմից՝ արդեն հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանում երկխոսությունը զարգացնելու գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամությամբ, մյուս կողմից էլ՝ հայտնի է, որ մենք անհատական գործընկերության ծրագրով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ յուրաքանչյուր տարի նման միջոցառումների թիվը այդ ծրագրի շրջանակներում մի քանի տասնյակ է լինում: Մեկը մյուսին բոլորովին ոչ հակասում է, ոչ էլ խանգարում»: Նա նաեւ նշեց, որ այս պայմանագրով կմեծանա Հայաստանի տեղը ՀԱՊԿ-ում, եւ այն հնարավորություն կտա Հայաստանին՝ ավելի լիարժեք հանդես գալ տարածաշրջանային խնդիրներում:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են արձանագրություն ստորագրել, որի համաձայն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը երկարաձգվելու է առնվազն 49 տարով: Պայմանագրային փոփոխությունների նախագծում նշվում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան ՌԴ շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Նախագծի վերջնական տեքստը կներկայացվի առաջիկայում տեղի ունենալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:



























