Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պահվածքը քննադատության չի դիմանում: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման աճող եւ անդառնալի գործընթացին ի պատասխան պաշտոնական Անկարայի նյարդային հայտարարությունները:
Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Օբաման, ով մինչեւ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելը հայտնի իրադարձությունները Ցեղասպանություն էր կոչում, նախագահի պաշտոնում կգործածի այդ եզրույթը: «Եթե նախագահն արտասանի այդ բառը, դա ուժեղ եւ կարեւոր ազդանշան կլինի»,- հայտարարել է Նալբանդյանը: Հիշեցնենք, որ նա ԱՄՆ մայրաքաղաքում է՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում:
Նախարարը հայտարարել է նաեւ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մոտ ապագայում անհնար է, մասամբ Ցեղասպանության չլուծված հարցի պատճառով: «Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մինչ այդ էինք: Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անդառնալի է»,- հայտարարել է նախարարը:
Նա գոհունակություն է հայտնել, որ ավելի ու ավելի շատ թուրքեր են հարցականի տակ դնում իրենց կառավարության նման քաղաքականությունը՝ հավելելով, որ երկու երկրների հաշտեցումն անհրաժեշտ է:
«Մենք այլընտրանք չունենք: Պետք է իրար կողքի ապրենք, եւ ոչ թե ժխտողական քաղաքականության հիման վրա, այլ համատեղ ջանքերով ղեկավարվելով՝ պատմության մութ էջերը հաղթահարելով»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Իր հերթին, Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները ղեկավարող ամերիկահայ խոշոր գործարար Նուբար Աֆեյանը նշել է, որ հայկական Սփյուռքը հաղթահարել է ցավը եւ ապրում է միասնական՝ 10 միլիոն հայերով:
«Որպես հայ, որը ծնվել է Լիբանանում, մեծացել է Կանադայում եւ 35 տարի ապրում է ԱՄՆ-ում, բնական եմ համարում, որ այդ ողբերգության շուրջ հայերի վերաբերմունքը փոխվում է: Ավելի շատ խոսվում է ոչ միայն հանցագործությունների եւ զոհերի, այլ նաեւ փրկվածների եւ փրկողների մասին»,- նկատել է նա:





























