«Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը այսօր՝ մայիսի 9-ին, ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիա է անցկացնում Երեւանում։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով գնացել են Մատենադարան։
Մինչեւ երթի սկսվելը նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ երթի օրն ընտրվել է Շուշիի ազատագրման օրը, քանի որ Շուշիի ազատագրման գործում մեծ է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, օրերս կալանքից ազատված՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դերը։
Քաղբանտարկյալների՝ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանի եւ Նոյեմբերի 5-ի գործով մյուս դատապարտվածների, Վոլոդյա Ավետիսյանի նկարներով ու նրանց ազատելու կարգախոսերով ակցիայի մասնակիցներն անցան կենտրոնական փողոցներով եւ հասան Մատենադարան։ Մատենադարանում նրանց միացան «Հիմնադիր խորհրդարանի» օրերս ազատ արձակված անդամները։
Այստեղից նախատեսվում է ավտոերթ դեպի Երեւանի տարբեր ՔԿՀ-ներ, որտեղ ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն երկրում քաղբանտարկյալների առկայության դեմ։






























