Մեզ համար այսօր տոն չէ, մենք տոնական տրամադրություն չունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը Մատենադարանի դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության ակցիայի ժամանակ։
«Մենք դուրս ենք եկել պայքարելու, որպեսզի օր առաջ ազատ արձակվեն Հայաստանի քաղբանտարկյալները։ Մեզ համար տոն օր չէ, քանի որ Շուշիի ազատագրումն իր շարունակությունը չունեցավ։ Շուշիի ազատագրումը հաջողվեց միայն մեր միասնականության շնորհիվ։ Այժմ մեզ պետք է այդ միասնականությունը, որպեսզի կարողանանք ստեղծել միասնական Հայաստան»,- ասաց Սեֆիլյանը նշելով, որ խոսքը նաեւ Արցախի եւ Հայաստանի միասնականության մասին է։
Սեֆիլյանն անդրադարձավ նաեւ իրեն առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ այն անհիմն է եւ անօրինական, եւ վստահություն հայտնեց, որ գործը կարճվելու է։ Անկախ ամեն ինչից, «Հիմնադիր խորհրդարանը» նրա խոսքով՝ մտադիր է դատական բոլոր ատյաններում վիճարկել իրենց դեմ հարուցված քրգործի օրինականությունը։
«Մենք կարողացանք մեր փոքր թիմով պայքարել անօրինական ռեժիմի դեմ, եւ քանի որ մենք ազնիվ էինք, կարողացանք հաղթել նրանց»,- ասաց Սեֆիլյանը։
Սեֆիլյանի ելույթից հետո «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով ակցիաի մանսակիցները ավտոերթով շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր ՔԿՀ-ներ, որտեղ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն երկրում քաղբանտարկյալների առկայության դեմ։
Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Մայիսի 4-ին գլխավոր դատախազությունը Սեֆիլյանի եւ ընկերների խափանման միջոցը փոխեց՝ կալանքը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ:





























