Ինձ չի հետաքրքրում գեներալ Մանվելի կարծիքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Մատենադարանի առջեւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով ակցիայի ժամանակ հայտարարեց օրերս կալանքից ազատված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նախօրեին արած հայտարարությանը, թե Արցախի ազատամարտի ժամանակ ինքը չի Շուշիի առանձնակի գումարտակի մասին չի լսել։
«Ինձ չի հետաքրքրում գեներալ Մանվելի կարծիքը։ Ինձ հետարքրում է ժողովրդի կարծիքը։ Կարծում եմ, որ եթե գնաք Արցախ եւ հարցնեք զորամասի պատմության մասին, շատերը մանրամասն կպատմեն։ Այդ օրերին եթե Արցախում տասը զորամաս կար, մերն առաջին օրվանից ստեղծված զորամասերից մեկն էր։ Ուզում եմ հիշեցնել, որ ամբողջ պատերազմի ժամանակ մենք եղել ենք այն զորամասը, որն ամբողջ պատերազմի ընթացքում մնացել է Արցախում, կռվել առաջին գծում եւ պաշտպանել հայրենիքը։ Այսքանից հետո չհիշել, որ այդպիսի զորամաս է եղել, անհասկանալի է»,- ասաց Սեֆիլյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Եռաբլուրում» Մանվել Գրիգորյանը լրագրողներին ասել էր. «Ես ութ տարի եղել եմ պաշտպանության փոխնախարար, բրիգադի, գումարտակի հրամանատար, շարքային զինվոր, եւ «առանձնակի գումարտակ» հաստիք չգիտեմ: Ես նման մարդ՝ առանձնակի գումարտակի հրամանատար, չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյանին գիտեմ»։





























