Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» անդամ Գոհար Ենոքյանն կալանքից ազտավելուց դիմել է դիմել է հիվանդանոց՝ առողջական խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Նա նշեց, որ Գոհար Ենոքյանը ունի մի շարք առողջական խնդիրներ՝ ճնշման, լյարդ-լեղապարկային, սիրտ-անոթային խնդիրներ, հիպերտոնիա եւ այլն: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը բուժօգնություն է ստացել ամբուլատոր կարգով:

Ազատ արձակվելուց հետո Գոհար Ենոքյանին որեւէ քննչական գործողության չեն կանչել: Նա առաջիկայում պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ եւ լույս սփռել գործի վրա: Հարցին, թե ինչը դեր խաղաց, որպեսզի Ենոքյանի խափանման միջոցը փոխվի, նա նշեց, որ դա բարի կամքի դրսեւորում չէ: «Ենոքյանի պարագան ուրիշ էր, այստեղ հորինված սցենարով, գոյություն չունեցող փաստով անձ է ձերբակալված, դեպք գոյություն չուներ, հորինված, որեւէ փաստական գործողություն չկար վերագրված, օդից ցանկացածին կարող էին նման մեղադրանք առաջադրել: Այնպես չէ, որ թողեցին բարի գործ կատարեցին, շատ մեծ էր ցանկությունը տանեին թեկուզ ապօրինի կալանավորեին: Ի սկզբանե պլանավորված սցենար էր, պարզապես չէին սպասում, որ արձագանքը այսպիսին կլիներ, ամեն ինչ դեր ունեցավ, որ այս ապօրինությունը չշարունակվի»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են տեւական ժամանակ քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ «Յուվեցի Կարոյի» անունը: Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ենոքյանը կասկածվում է «Յուվեցի Կարոյի» սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհար Ենոքյանը: 37 պատգամավորներ դիմել էին Գլխավոր դատախազին՝ խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով, նա ազատ արձակվեց ստորագրության դիմաց:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: