Ոստիկանները «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության երթի մասնակիցներին այսօր՝ մայիսի 9-ին, թույլ չեն տվել մոտենալ «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ շենքերին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները պատ են կազմել ՔԿՀ-ների դիմաց, իսկ ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալների նկարները պարզած՝ ոստիկանական պատի դիմաց կանգնած երգել են «Սարդարապատը» եւ վանկարկել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ հայաստան», «Շանթը՝ իշխանություննների գլխին», «Դուք բոլորդ Լիսկա եք, մենք բոլորս Ժիրայր ենք»։
Ավտոերթի մասնակիցներին միացած՝ օրերս կալանքից ազատված, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահություն է հայտնել, որ քաղբանտարկյալները շուտով ազատության մեջ կլինեն, քանի որ նրանք էլ իր նման անհիմն են ազատազրկվել։ Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում են պահվում Վոլոդյա Ավետիսյանը, Վարդան Վարդանյանը, Շանթ Հարութունյանը։
Սեֆիլյանը նաեւ հայտարարել է, որ իրենք շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, մինչեւ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չմնա։
«Վարդաշեն» ՔԿՀ-ից երթի մասնակիցները ոտքով շարժվեցին դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ոստիկանները նույնպես պատ էին կազմել եւ մանսակիցներին թույլ չտվեցին շենքին մոտենալ։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյաննն այստեղ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին իրենց կողքին են եղել, աջակցել են իրենց։
«Մեր բողոքի ձայնը լսվեց սփյուռքում եւ մեզ աջակցեցին միջազգային կազմակերպությունները, որոնց շնորհիվ մենք ազատության մեջ ենք այսօր։ Այլ երկրներ կհպարտանային, եթե ունենային Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, Հայկ Կյուրեղյանի, Վարդան Վարդանյանի եւ մյուս քաղբանտարկյալների նման քաղաքացիներ»,- ասաց Չուգասզյանը։
Այստեղ եւս երթի մասնակիցները «Սարդարապատը» երգեցին, քաղբանտարկյալներին ազատելու կոչեր հնչեցրին, ապա ավտոերթը վերադարձավ մատենադարան, որտեղից սկսվել էր երթը։
Մատենադարանում այսօրվա ակցիան կավարտվի։
.jpg)
.jpg)





























