Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, որ վարչապետի որդին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան, առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի ընտրություններին:

NEWS.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը անտեղյակությունը պատճառաբանեց մայիսյան տոների խիտ գրաֆիկով: Այնուամենայնիվ, ԱԺ նախագահը հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, ճանաչում է, «բավականին լուրջ կարողություններ ունի»:

«Առավել եւս արդյունքների եւ գաղափարի առումով կարծում եմ՝ անհնար կլինի, որ լավ արդյունքներ չլինեն, այսինքն պիտի այնպես պայքարել, որ արդյունքները գնահատելի լինեն»,- ասաց նա:

Նշենք, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին առաջադրվել է 3 թեկնածու՝ Արգամ Աբրահամյանը, Գարեգին Համբարձումյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Վերջին երկուսն անկուսակցական են եւ ինքնաառաջադրվել են: Արգամ Աբրահամյանին առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: