Շուշիի ազատագրման գործողությանը 5-6 ուղղաթիռ է մասնակցել՝ 2-ը մարտական, մյուսները՝ քաղաքացիական: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բերդաքաղաքի ազատագրմանը մասնակցած՝ քաղաքացիական ուղղաթիռի հրամանատար Ստեփան Նիկողոսյանը, որը մայիսիյան եռատոնի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Ավիացիայի համար Շուշիի ազատագրման օպերացիան սկսվել է դեռ 3 ամիս առաջ: Շուշիի ազատագրման համար հարկավոր էր վառելիք, զենք, զինամթերք: Վառելիքի եւ զինամթերքի պաշարը տեղափոխելը երկար պրոցես էր, ուղղաթիռներով պետք է հասցնեինք այդքանը տեղափոխել, որ օպերացիան կարողանայինք իրականացնել: 600 տոննա վառելիք ենք տեղափոխել: Ռեզինից բաքեր էին, որոնք փուչիկներ էինք անվանում, դրանք տեղադրում էինք ուղղաթիռների մեջ ու տանում»,- պատմեց Ստեփան Նիկողոսյանը՝ նշելով, որ քաղաքացիական ուղղաթիռներով վիրավորներին, զինամթերքն էին տեղափոխում, իսկ մարտականներն օգտագործում էին հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու համար:
Ստեփան Նիկողոսյանի խոսքով՝ Շուշիի ազատագրումով նոր փուլ սկսվեց Արցախյան ազատամարտում. «Երբ անում ես այն, ինչ հնարավոր չի, դրանից հետո մարդիկ ոգեշնչվում են, հույսով են լցվում, ավելի հստակ են գործում: Շուշին սիմվոլ էր, որ պետք է վերադարձվեր Հայաստանին, հայերին, Ղարաբաղին»:





























