Արցախյան պատերազմի տարիներին բուժքույր աշխատած, նաեւ մարտական գործողություններին մասնակցած 67-ամյա Աղավնի Սահակյանը մինչեւ հիմա սարսուռով է հիշում, թե ինչպես էր իր հրամանատարը պատրաստվում կրակել իր վրա, որպեսզի ինքը թշնամու ձեռքը չընկնի։

«Ես ու մեր մարտական ընկերներից մեկը գնացինք մի գյուղ, բայց մեր մնացած ընկերներն այդտեղ չէին, վերեւի մասում էին, մենք էլ կապ չունեինք, որ կապվեինք։ Հասնում էինք մի տան, որտեղ 13 թուրք մեզ տեսել էին եւ սպասում էին, որ մեզ բռնեն։ Մեր ընկերներն էլ վերեւից նրանց էին տեսել։ Մեր հրամանատարը՝ 26-ի Յուրան (Յուրա Հովհաննիսյան) գոռում է՝ շուտ հետ վերադարձեք, ոչ մի քայլ առաջ։ Մենք ուրախացանք, որ մեր ընկերներին գտանք, բայց դու մի ասա, իրենք տեսել են թուրքերին, եւ Յուրան պատրաստվել է, որ եթե մենք իրենց չհասկանանք, ինքը կրակելու էր իմ վրա, որ ես չընկնեմ թուրքերի ձեռքը»,-պատմեց տիկին Աղավնին։

Երբ հասել են ընկերներին, տիկին Աղավնիին կանչել են հրամանատարի մոտ։

«Տեսա՝ Յուրան մի ծառի հենված էր, կարծես փլված լիներ։ Ինձ ասաց՝ աղջիկ ջան, դու հասկանո՞ւմ էիր՝ ինչ էիք անելու, ես մարդասպան էի դառնալու, ես քեզ սպանելու էի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն ինչ ներքին ուժ պիտի ունենա, որպես հայ տղամարդ, որ այդ քայլին դիմի, ու նա կաներ դա»,- հիշեց տիկին Աղավնին։

Տիկին Աղավնին նաեւ  մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ Քյոսալարի ուղղությամբ։

«Կարեւորը Կոմանդոսի ճիշտ մտածված պլանն էր, բայց ամենակարեւորը մարդկանց ոգին էր, զգացողությունը, որ հայրենիքն են ազատագրում։ Շուշին ազատագրելուց հետո առաջինը եկեղեցի գնացինք, ուղղակի անբացատրելի զգացում էր, չէինք հավատում՝ երազ է, թե իրոք այնտեղ էինք»,-ասաց Աղավնի Սահակյանը։

Տիկին Աղավնին հիշեց, որ առաջինը Շուշիում մարտական ընկերոջ հետ կոտրել է ադրբեջաներեն գրությամբ ցուցանակները. «Դրանից հետո մեր հաղթանակը կարծես լիարժեք էր»։

Աղավնի Սահակյանը շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մաղթեց, որ մեր ձեռքբերումներ չկորցնենք։

1992 թվականից Աղավնի Սահակյանը մասնակցել է ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի (Չլդրան, Վանք, Մաղավուզ, Դրմբոն և այլն), Աղդամի (Ալիաղալի և այլն) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բազմաթիվ ազատամարտիկների կյանքեր է փրկել։ Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «Արիության» մեդալով, «Անբասիր ծառայության համար», «Շուշիի ազատագրման համար» , «Վազգեն Սարգսյան» եւ այլ հուշամեդալներով։