Շուշին ազատագրելուց հետո ազատամարտիկները պարել են բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Այս մասին NEWS.am-ին պատմեց ազատագրմանը մասնակցած Վաչագան Գալստյանը, որը Արցախյան պայքարին մասնակցել է Հրազդանի «Կոճոռ» ջոկատի կազմում:
«Մեր ջոկատը եղել է դիրքում, որտեղ Ադրբեջանի հիմնական ուժն էր հավաքված: Քարափի բերնով անցանք Քյոսալար և ընկանք շրջափակման մեջ: Բախտներս բերեց, որ մեր հրամանատարը՝ Չաուշը, Ստեփանակերտից տղերքի հետ ճեղքեցին շրջափակումը և մեզ ազատեցին»,- պատմեց Վաչագան Գալստյանը:
Վաչագան Գալստյանը հիշեց պատերազմի տարիներից մնացած ամենատպավորիչ դեպքը. «Թշնամու հրետանուց մեր տղերքից Մանվելը վիրավորվեց, կարծեցի՝ մահացել է ու ասեցի. Մերուժ Մանվելը զոհվեց, հենց էդ պահին Մանվելը վեր կացավ ու ասաց՝ էս ուզում եք ինձ թաղե՞ք»:
Վաչագան Գալստյանը պարգևատրվել է մի շարք կրծքանշաններով և մեդալներով՝ «Վարդան Մամիկոնյան», «Արցախ Շուշի», «Վազգեն Սարգսյան»:
Վաչագան Գալստյանը հավաստում է. այսօր էլ անհրաժեշտության դեպքում իրենց ջոկատի կենդանի մնացած տղաները պատրաստ են նորից մարտնչել ի պաշտպանություն հայրենիքի:





























