Գերմանական GfK մարքեթինգային ընկերությունը հետաքրքիր հետազոտություն է անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրների ներկայացուցիչներն են ավելի շատ ժամանակ անցկացնում խոհանոցում: 22 երկրների ավելի քան 27 հազար բնակիչների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ուտելիք պատրաստելու համար շաբաթական միջինը 6.5 ժամ է ծախսվում: Հարավային Կորեայի բնակիչները հայտնվել են վարկանիշի ամենավերջին տեղում՝ շաբաթական ուտելիք պատրաստելու համար ծախսելով 3.7 ժամ:
Վարկանիշը գլխավորում են Հնդկաստանի բնակիչները, որոնք շաբաթական խոհանոցում 13.2 ժամ են անցկացնում՝ օրական շուրջ 2 ժամ: Ուկրաինան քիչ է հետ մնում Հնդկաստանից. այստեղ մարդիկ խոհանոցում շաբաթական 13.1 ժամ են անցկացնում: Այս երկրին հետեւում են Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Իտալիան, Իսպանիան, Ռուսաստանն ու Կանադան:
Ըստ Kedem-ի, հնարավոր պատճառներից մեկը, որ Հարավային Կորեան հայտնվել է վերջին տեղում, կարող է լինել սննդի ոչ այնքան թանկ տարբերակների հասանելիությունը, որ վաճառվում են մթերային տաղավարներում եւ սուպերմարկետներում:
Հետաքրքիր է, որ Ֆրանսիան, որի համեղ խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհում, ցանկի վերջից հինգերորդ տեղում է: Պարզվում է՝ ֆրանսիացիները նույնպես նախընտրում են ուտել արագ սննդի կետերում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ պատրաստի սնունդը տաքացնել միկրոալիքային վառարանում: Հարցման համաձայն, Ֆրանսիայի բնակիչները շաբաթանակն միջինը 5.5 ժամ են ծախսել ուտելիք պատրաստելու համար:





























