ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 12-ին, օրինական ուժի մեջ թողեց պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու մեջ մեղադրվող, այսպես կոչված «Բանդայի գործով»  առաջին ատյանի դատավճիռը՝ մերժելով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները:

Նշենք, որ ամբաստանյալ Արթուր Մանուկյանը դատավճիռը նստած լսեց, իսկ որոշումը հրապարակելուց հետո դահլիճում իրարանցում սկսվեց:

Արտուշ Հակոբյանը դիմեց դատավորներին՝ «Ամոթ ա, ամոթ, ամոթ ունեցեք», իսկ դահլիճում ներկա հորն ասաց. «Հեր ջան, դուխդ չգցես, խամաճիկների երկիր ա»: Ի պատասխան՝ Հակոբյանի հայրն ասաց. «Ֆաշիստներ են դատավորները»։

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա: