Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատի է տվել Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին՝ իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար: NEWS.am-ի տեղեկություններով՝  գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատաքննությունը արդեն ավարտական փուլում  է: Սիրունյանը պահանջում է պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին հեռուստատեսությամբ ներողություն խնդրել իրեն, ինչպես նաեւ փոխհատուցել 1մլն դրամ:

Նշենք, որ այս դատի առիթ է հանդիսացել Հայրիկյանի ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, որում ԱԻՄ առաջնորդը փաստաբանին անվանել էր «տականք, ստոր արարած, բոլշեւիկի ծնունդ»:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ.   հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման: Ալեքսանդր Սիրունյանը այն ժամանակ Վարդան Սեդրակյանի փաստաբանն էր: