ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երեւանի մետրոպոլիտենում՝ մինչեւ երրորդ անձանց կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ է տրամադրում 2012 թվակականի օգոստոսից, որպեսզի մետրոյով երթեւեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու եւ համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքի սպասելիս կամ երթեւեկության ընթացքում: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար եւ առանց որեւէ նախապայմանի, այդ թվում՝ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որեւէ տեսանյութ դիտելու նախապայմանի:
Սակայն վերջերս, երրորդ անձանց կողմից՝ առանց ընկերության հետ համաձայնեցնելու միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքին՝ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութեր՝ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերը նշվածը գնահատվում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին եւ վերջինիս չարտոնված շահագործում՝ շահույթ ստանալու նպատակով:
Հետեւաբար, ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը՝ մինչեւ իր ենթակառուցվածքին չարտոնված եւ ապօրինի միջամտության վերացումը:





























