Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր՝ մայիսի 12-ին, քննվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կողմից բերված բողոքն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր, «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի: Մեր տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դատի էր տվել Սամվել Ալեքսանյանի վիրավորանքի եւ զրպարտության  համար, նա պահանջում էր որպես պատվին, արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնաս փոխհատուցել 3մլն դրամ եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Կարո Եղնուկյանի փաստաբանը Տիգրան Հայրապետյանն էր, իսկ «Փակ շուկայի» շահերը ներկայացնում էր Լիանա Բալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ սեպտեմբերի 2-ին Փակ շուկայի մոտ իրականացվող բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարզել էին պաստառ, որտեղ Կարո Եղնուկյանի նկարի տակ գրված էր «մասոն, ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» գրություններ: Դատաքննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ով է պաստառը փակցրել, առաջին ատյանը վճիռ էր կայացրել եւ որոշել հայցը բավարարել մասնակիորեն՝ «Փակ շուկայի» տնօրինությունից հօգուտ Կարո Եղնուկյանի բռնագանձելով 200 հազար դրամ: