Տարադրամի փոխանակման կետերում արդեն երկու շաբաթ  է՝ հայտնվել է «100.000 դրամը գերազանցելու դեպքում անձնագրի առկայությունը պարտադիր է» հայտարարությունը: Տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ դա Կենտրոնական բանկի հրահանգն է՝ իրենք ստիպված են ենթարկվել: Նրանց խոսքով` իրենք այս ամենից տուժում են, քանի որ քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց մոտ տարադրամի փոխանակում կատարել,  անձնագիր չունենալու պատճառով գնում են իրենց գումարը բանկում փոխանակելու:

«Չգիտենք, թե ինչի հետ է կապված ԿԲ-ի այս որոշումը, արդեն երկու շաբաթ է մեզ մոտ մտնող քաղաքացիները մեզանից են բացատրություն պահանջում, այս ամենից մենակ մենք ենք տուժում, քանի որ բոլորն էլ դուրս են գալիս ու վազում բանկ»,-մեզ հետ զրույցում ասաց տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը: Նշենք, որ բանկերում անձնագիր պահանջում են միայն 400 հազար դրամը գերազանցող գործարքի համար։

Քաղաքացիները նույնպես դժգոհ են Կենտրոնական բանկի որոշումից, նրանց կարծիքով` ԿԲ-ի այս որոշումը բազմաթիվ անհարամարություններ է առաջացնում. «Հիմա եկել եմ, 200.000 դրամ եմ ուզում փոխել, դոլար դարձնել, երեկոյան պետք է Մոսկվա գնամ, մոտս էլ անձնագիր չկա, ժամանակ էլ չունեմ գնամ տուն, վերցնեմ նորից գամ: Ամեն մեկն իր համար մի բան որոշում է»,-մեզ հետ զրույցում նշեց տարադրամի փոխանակման կետերից մեկում իր գումարը փոխանակել փորձող քաղաքացիներից մեկը: