Երկու շաբաթ շարունակ օրական 11 ժամ խաղասեղանի առջեւ պայքարել են աշխարհի լավագույն չորս խաղացողներն ու ամերիկյան Քարնեգի Մելլոն համալսարանի գիտնականների ստեղծած համակարգչային ծրագիրը: Նրանք պոկեր են խաղացել:
Հավաքականը հաղթել է, իսկ համակարգիչը ստիպված է եղել 732 հազար դոլար «վճարել»: Բանն այն է, որ վտանգված էր շուրջ 170 մլն դոլար գումար:
Հայտնի է, որ համակարգիչը վաղուց մարդուն գերազանցել է այնպիսի խաղերում, ինչպիսիք են շաշկին ու շախմատը՝ հաղթելով աշխարհի մրցաշարերում: Սակայն պոկերի հարցում մարդը վստահորեն առաջատարի դիրքում էր: Պատճառն այդ խաղի առանձնահատկությունն է: Շախմատի դեպքում խաղացողները խաղատախտակի վրա տեսնում են բոլոր ֆիգուրների դիրքը, այսինքն՝ լիարժեք տեղեկություն ունեն:
Այլ է իրավիճակը պոկերի դեպքում: Դա ոչ լիարժեք տեղեկությամբ խաղ է, որի մասնակիցները ոչինչ չգիտեն հակառակորդի խաղաթղթերի մասին: Իսկ այսպես կոչված «բլեֆը» համակարգիչը երբեք չի յուրացնի: Ամեն դեպքում, այն լավագույնների հետ խաղացել է հավասար հնարավորություններով: Դրա համար սարքը ստիպված է եղել երկար մարզվել ինքն իր հետ՝ մշակելով խաղի սեփական մարտավարությունը: Գիտնականները վստահեցնում են, որ այլեւս ոչ մի մարդ չի կարող հաղթել այդպիսի համակարգչին:
Ըստ RG-ի, ամերիկացիների ստեղծած ծրագիրը կարող է օգնել ամենատարբեր լուծումներ գտնել ոչ լիարժեք տեղեկության պարագայում, որոնք, ի դեպ, իրական կյանքում շատ ավելին է: Խոսքն առաջին հերթին բժշկական ախտորոշումների մասին է:





























