«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ մեղադրվող Կամո Խաչատրյանը ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչիկ Միրզոյանը:

Նա նշեց, որ նորմալ է վերաբերում վերջինիս ազատ արձակվելուն, քանի որ Հայաստանում արդարադատություն չկա: «Այս երկրի համար սա միանգամայն նորմալ է, նա ինքնուրույն չէր գործում, նա խմբի ղեկավար էր, կոնկրետ այն խմբի, որի նպատակն էր տապալել հանրահավաքը, նա գերակատարեց իր պլանը եւ բռնվեց, սակայն խմբի մնացած անդամները  փախան, մի մասը վարչական տույժի արժանացավ, իսկ նրանց ղեկավարները՝ հրահանգ իջեցնողները, դրսում մնացին: Ի՞նչ եք կարծում՝ այս մարդը չէ՞ր ասելու՝ ինձ ուղարկեցիք գործի, հիմա ինձ փակում են, դուք ազատ եք, չեմ կարող քաշել ձեզ ճաղերի ետեւ, բնական է, որ պետք է աշխատեին նրան դուրս բերել, սա հասարակ տրամաբանություն է: Հաշվի առնելով, որ Հայաստանում չկա անկախ արդարադատություն, բնական է որ պետք է գործեր գողական օրենքը: Գողական օրենքն էլ որոշեց, որ նա հայտնվի ազատության մեջ»,-ասաց ՀԽ անդամը:

Նա նշեց, որ երեւույթը ոչ միայն իրեն է վերաբերում, այլ ընդհանրապես բոլորին: Հրաչիկ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ պետք է ջանք թափել ոչ թե նրան նորից ճաղերի հետեւ դնելու համար, այլ պետք է ջանք թափել մեր երկիրը կարգի բերելու համար:

Հրաչիկ Միրզոյանն ասաց, որ Կամո Խաչատրյանի հետ մի անգամ առերեսում է եղել, անմիջապես ճանաչել է նրան, վերջինս էլ խոստովանել է, որ ինքն է արել:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի»՝ մարտի 28-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Գյումրիում դանակահարվել էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։ Ապրիլի 1-ին Կամո Խաչատրյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը: