Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար անվտանգության ռիսկերը ոչ միայն չեն նվազել, այլ մեծացել են։ Այս մասին մայիսի 13-ին «Հայաստան. 4 ամիս ԵՏՄ-ում. Անկու՞մ, թե կործանման նախաշեմին» շնորհանդեսի ժամանակ հայտարարել է քաղաքական վերլուծաբան, քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե խոսենք Հայաստանի անվտանգության մասին, ապա միջազգային հարթակում բալանսի հնարավորությունները նույնպես սահմանափակվել են ԵՏՄ-ին միանալու որոշումից հետո։ Այդ որոշման նպատակահարմարության առումով էական դեր էր խաղում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը։ «Եթե խոսքը 170 միլիոնանոց շուկայի մասին է, ապա այդ շուկան մասնատման անդառնալի գործընթացի մեջ է ներքաշված։ Այնտեղ համակարգ է ձեւավորվել, որը հիմնված է մեկ մարդու որոշումների վրա»,- ընդգծեց փորձագետը։
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի մերձեցումը տեղի է ունեցել ուղղահայաց հարթության վրա։ «Հայաստանում ռուսական ազդեցությունը էականորեն մեծացել է, նկատելի է դարձել հակաարեւտմյան միտումը։ Արդյունքում էականորեն մեծացել է Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման հնարավորությունը եւ էականորեն նվազել են դրան հակադրվելու Հայաստանի հնարավորությունները։ Հայաստանը սուբյեկտից վերածվում է միջազգային հարաբերությունների օբյեկտի, մեծանում է նաեւ տարածաշրջանային ապակայունության սպառնալիքի հետ»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։



























