ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն եւ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին, որն առաջին անգամ է այցելում ՏԿԱԻՆ: Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակը 2015թ.-ից ՀՀ-ում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը զբաղվում է 50 000 տարրական դասարանների աշակերտների համար սննդի ապահովման խնդիրներով:

 ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության դպրոցների 80%-ը ՏԿԱԻՆ-ի լիազորությունների շրջանակներում է, ուստի նախարարությունը խիստ կարեւորում է համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի հետ: Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը ոչ միայն շարունակվելու է, այլեւ ստանալու է առավել բարձր մակարդակ:

Նշելով, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ երեխաների ամենօրյա սննդի ապահովում եւ սննդի վերաբերյալ ՀՀ կառավարությանը տրամադրվող փորձագիտական ծառայություն՝ տիկին Միշոն ցանկություն է հայտնել համագործակցել նաեւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում՝ աշխատելով արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրների ուղղությամբ: Կարեւորելով այն փաստը, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման համար պետք է օգտագործվի տեղական արտադրության սնունդ՝ տիկին Միշոն շեշտել է, որ նպատակահարմար կլինի յուրաքանչյուր մարզի հետ աշխատել անհատապես:

ՏԿԱԻ նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակներում սննդի տրամադրման խնդիրն աղետների ռիսկի նվազեցման ծրագրում ընդգրկելը ողջունելի նախաձեռնություն է՝ հատկապես Հայաստանի կողմից 2015-2030թթ. Հյոգոյի գործողությունների ծրագրի ընդունման համատեքստում: Նախարար Երիցյանը հատուկ կարեւորել է նաեւ դպրոցներում երեխաներին տաք սննդի տրամադրման հարցը:

Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իրենք սերտորեն համագործակցում են նաեւ Կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Գյուղատնտեսության եւ Առողջապահության նախարարությունների հետ, ուստի ծրագրի առավել արդյունավետ իրականացման համար նպատակահարմար է վերականգնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված կլինեն 5 նախարարություն՝ ՏԿԱԻ նախարարության ներկայացուցչի նախագահությամբ:

Հավանություն տալով տիկին Միշոյի առաջարկությանը՝ նախարար Երիցյանը նշել է, որ նախագծված խնդիրների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ կիրականացվեն՝ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ: