ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մայիսի 9-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի բնակիչ Ա.Պետրոսյանն իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 134.5-րդ կիլոմետրում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել դեպի Մեղրի ուղեւորվող Վայքի բնակիչ Կ.Սողոմոնյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորուհի Լ.Նիկողոսյանը եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Կ.Ազոյանը հիվանդանոցում մահացել են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մյուս ուղեւոր Դ.Գեւորգյանը եւ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Սողոմոնյանը։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
2 անձի մահվան պատճառ հանդիսացած, ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Պետրոսյանը մայիսի 10-ին ձերբակալվել է: Վերջինիս սթափությունը որոշելու համար նույն օրը նրանից վերցվել է արյան փորձանմուշ եւ նշանակվել դատակենսաբանական փորձաքննություն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 13-ին Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։





























