Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում կայացավ «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչեւ արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:

Սեմինարի նպատակն էր օգնել ուսուցիչներին LEGO® Education-ի տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հանդեպ եւ նրանց ներգրավել այս ոլորտներում:

Միջոցառումը սկսվեց լիագումար նիստով, որում բացման խոսքով հանդես եկան «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում LEGO® Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը եւ «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը:

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի՝ 21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել եւ փորձարկումներ իրականացնել. «Այն պետք է զարգացնի երեխաների ստեղծագործական ունակությունները, մոտիվացնի եւ ուղղորդի: Նման միջոցառումներն ուղղված են դպրոցներում ուսումնական գործընթացների բարելավմանը»:

«Արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհում չափազանց կարեւոր է առաջընթացին համընթաց շարժվել բոլոր, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում: Դա հնարավոր կլինի, եթե դպրոցում ներդրվեն դասավանդման նորարարական, ստեղծագործականությունը խթանող մեթոդներ, իսկ երեխաները վաղ տարիքից ծանոթանան տեխնոլոգիական հնարավորություններին ու լուծումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ այն առնչվում է երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի՝ կրթությանը, տեխնիկական առաջընթացին եւ նորարարական մտածելակերպին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Զեկույցներին հաջորդեցին վարպետության դասերը՝  նախատեսված տարրական ու միջին դպրոցների ուսուցիչների համար:

Միջոցառումն ուղեկցվեց LEGO Education ընկերության կրթական տեխնոլոգիաների գործնական ցուցադրությամբ:

Միջոցառման կազմակերպիչներն էին «Այբ» կրթական հիմնադրամը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, LEGO  Education ընկերությունը: Միջոցառման գործընկերներն էին ՀՀ ԿԳ նախարարությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: