Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ Հասմիկ Հակոբյանն այսօր՝ մայիսի 13-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել՝ պնդելով, որ հղի կնոջ մահվան մեջ ինքը մեղավոր չի: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացածի ամուսինը՝ Գագիկ Մինասյանը:

«Բեմականցում էր, նախօրոք որոշած պլան էր: Հետաքրքիր պատմություն էին հորինել, փաստաբանը հարց էր տալիս, ինքը պատասխանում էր: Ասում էր՝ խիղճս հանգիստ ա՝ ամեն ինչ արել եմ: Ինքը պնդում է, թե կինս չի արնահոսել, բայց չի կարելի նման բան ասել, ես հո իմ աչքով եմ տեսել: Ո՞նց կարա մարդ էդքան ստոր լինի ու նման սուտ բաներ հորինի»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ բժշկուհու նման ցուցմունքն իրեն այնքան է վրդովեցրել, որ իրեն վատ է զգացել, հեռացել նիստերի դահլիճից:

Գագիկ Մինասյանը նշեց, որ բժշկուհին պնդել է, թե ինքը առողջապահության նախարարի համապատասխան հրամանով է առաջնորդվել հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելիս, բացի այդ չէր կարող նրան պահել գինեկոլոգիական բաժանմունքում սարքավորումների բացակայության պատճառով:  Նա նաեւ պնդել է, որ ինքը նման քայլ անելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Ըստ Գագիկ Մինասյանի՝ բժշկուհին ցուցմունք տալիս փորձել է մահվան մեղավորությունը գցել Արմեն Վարդանյանի վրա, որը նաեւ վիրահատել է Նարինեին:

Նշենք, որ Արմեն Վարդանյանը գործում ներգրավված է որպես վկա, նա պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Հիշեցնենք, որ փորձաքննությամբ պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։

Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:

Դեպքի առթիվ «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Բժշկուհին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կատարվածի պատասխանատուն նրան վիրահատած գինեկոլոգ Արմեն Վարդանյանն է, որը վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել: