Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երեւանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին եւ վատ են զգում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ Ռոման Վ.-ն եւ «թունավորում նարկոտիկ դեղամիջոցներով» ախտորոշմամբ՝ Սեւակ Ա.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձինք ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:

Հիվանդանոցի ընդունարանում ոստիկաններին ներկայացրել են Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգված:

Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: