Կառավարության մոտ այսօր՝ մայիսի 14-ին, բողոքի ակցիա են անում նախօրեին ոստիկանների կողմից ուժով նախագահականի մոտից հեռացված՝ բանակում մահացած զինծառայողների սեւազգեստ մայրերը:

NEWS.am ի հետ զրույցում Նանա Մուրադյանը նշեց, երեկվա բռնության դեպքի առիթով իրենք հանցագործության մասին հաղորում են տվել ոստիկանություն, իսկ այսօր ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որի պատասխանները կստանան վաղը: 

 «Իմանալով, որ կառավարության դիմաց նաիրիտցիները նստացույց են անում, որոշեցինք գալ եւ սատարել նրանց, նաեւ բողոքում ենք երեկվա ոստիկանների գործողությունների դեմ:  Երեկ մենք ընդամենը նախագահականի դիմաց կանգնել էինք, ոստիկանները մեզ մյուս մայթ տարան: Այնպես ուժեղ են բռնել իմ թեւատակերից եւ սեղմել, որ այսօր չեմ կարողանում ցավերից լիարժեք շարժվել, ամբողջ մարմինս կապտուկ է»,- ասաց Նանա Մուրադյանը:

 Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել: