Անկարան հակակրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի բաղադրիչների մատակարարման ռուսական առաջարկից հրաժարվել է՝ բարձր գնի պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Թուրքիան 4 մլրդ դոլարի ՀՀՊ համակարգի բաղադրիչների գնման մրցույթ է հայտարարել 2009 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին հաղթող էր հայտարարվել չինական CPMIEC ընկերությունը, որը 3.4 մլրդ դոլար գին էր առաջարկել: Բացի չինական ընկերությունից, հայտ են ներկայացրել ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումը, ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնը եւ ռուսական «Ռոսօբորոնէներգո»-ն: Չինաստանի հաղթանակի մասին հայտարարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Թուրքիայի վրա ճնշումների առիթ էր դարձել: Մրցույթի վերջնական արդյունքները մինչ օրս չեն հայտարարվել:

«Ռուսաստանի հայտը հանվել է օրակարգից՝ բարձր գնի՝ 9.9 մլրդ դոլարի պատճառով: Մնացած հայտերը գնահատելիս մեզ համար կարեւոր է չորս չափանիշներին հետեւելը. տեխնոլոգիաների փոխանցումը, Թուրքիայում ՀՀՊ բաղադրիչների արտադրությունը, մոտ ժամանակներում մատակարարումները եւ խելամիտ գինը: Այդ առումով չինական հայտն առավելություն ունի մյուսների նկատմամբ»,- Anadolu գործակալության տված հարցազրույցում հայտարարել է Յըլմազը:

Եթե Թուրքիան չկարողանա համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ, ապա, ելնելով նշված չափանիշներից, կդիտարկի ֆրանս-իտալական ընկերության, իսկ վերջում՝ նաեւ ամերիկյան մասնակցի հայտերը: