«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ, մանկաբույժ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վստահ է, որ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ։ Այս մասին այսօր՝մայիսի 14-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառը կարդալիս ասաց պաշտպանը՝ այնուամենայնիվ պահանջելով անմեղ ճանաչել իր պաշտպանյալին եւ ազատել պատասխանատվությունից։
Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին անհիմն մեղադրական է առաջադրվել, քանի որ նախաքննական մարմինն այն առաջադրել է միայն համալիր դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, որով չի պարզվել, թե բժշկական կենտրոնի կոնկրետ որ աշխատակցի կողմից է սխալ բուժում նշանակվել, եւ արդյոք Զարինե Այվազյանի հերթապահության օրն է բացթողում թույլ տրվել։
«Այս գործով մեղադրականը կազմելիս նախաքննական մարմինը հիմնվել է երկու փորձագետների ակնհայտ սուտ ցուցմունքի վրա, որով նրանք ցանկացել են հիմնավորել փորձաքննության եզրակացությունը։ Ըստ փորձագետի՝ Լիայի ընդունման առաջին օրը «Դեքստամետազոն» նշանակելը սխալ է եղել, բայց եթե հիվանդության պատմագիրը նայեք, այն նշանակվել է 3-րդ օրը։ Եթե դիակի մոտ առկա է եղել թոքաբորբ, չի նշանակում, որ ընդունման պահին էլ են թոքաբորբին բնորոշ ախտանիշներ եղել»,- ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ փորձագետներից Հասմիկ Երանոսյանը մեկ այլ՝ նմանատիպ գործով եզրակացություն է տվել, որում նշել է, որ թարախը եւ ֆիբրինը կարող են առաջանալ նույնիսկ 12 ժամում, ինչը նշանակում է, որ Լիայի մոտ թոքաբորբի ախտանիշերը կարող էին ի հայտ գալ հիվանդանոց ընդունելուց երեք օր անց։
Ըստ պաշտպանի՝ համալիր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն անհիմն է, եւ այն չի կարող ապացուցել Զարինե Այվազյանի մեղավորությունը։
«Գուցե այս բժիշկները չեն մեղավորները, ինչո՞ւ պետք է հիմնվեն այս սուտ ցուցմունքի վրա եւ այս երկու բժիշկներին դատապարտեն, ես դատարանում բազմիցս կրկնել եմ, որ այդ եզրակացությունը որպես ապացույց անթույլատրելի է, բայց դատարանն անտեսել է դա, եւ մերժել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարանի կողմից բազմիցս կողմնակալ եւ կանխակալ վերաբերմունք է նկատել պաշտպանական կողմի նկատմամբ։
Պաշտպանն իր ճառը եզրափակեց՝ վստահություն հայտնելով, որ դատավճռում բացակայելու են հիմնավորումները, իսկ իր պաշտպանյալը դատապարտվելու է Լիա Միսակյանի մահվան համար, որում նա մեղավոր չէ։
Դատախազ Դավիթ Կարապետյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել Զարինե Այվազյանին եւ Լիլիթ Վարդանյանին, քանի որ նրանք սխալ ախտորոշում եւ բուժում են նշանակել, եւ «լայաղներին չի եղել» անալիզների արդյունքները ստուգել, ինչի շնորհիվ ըստ դատախազի՝ հնարավոր կլիներ փրկել Լիա Միսակյանի կյանքը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը եւս պահանջեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին, քանի որ Լիա Միսակյանի մահվան մեջ նրանց մեղավորության բաժինն ակնհայտ է։
Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը նույնպես հայտարարեց, որ ամբաստանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվի։
«Իրենք չեն հասկացել, որ աղջիկս թոքաբորբ է ունեցել, դա հասկանալու համար անել էր պետք, էդ որ փորձագետների բացթողումներից եք խոսում, մի հատ ասեք՝ դուք ի՞նչ եք արել, մի հատ բուժում չի արվել։ Ասում եք՝ երեխան հիվանդանոցում լավ ա եղել, որ լավ էր, դուրս գրեիք, տուն գնայինք, բայց ասեցին՝ թող մնա, դե որ վատ էր, մի բան անեիք։ Դատաբժիշկները սխալ են ասել, մատնանշեք, ով մեղավոր է, նրա անունը տվեք»,- ասաց Լիա Միսակյանի հայրը։
Աշխատանքայի օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-ին։
Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:





























