Հայաստանի բանակում տեղի ունեցող սպանության դեպքերը հետաքննության լուրջ կարիք ունեն եւ պարտադիր է, որ հասարակությունն իմանա հետաքննության ողջ ու իրական պատկերը: Օգոստոսի 2-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հուլիսի 28-ին Մատունու N զորամասում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ նման սահմռկեցուցիչ միջադեպերը խարխլում են  հասարակության վստահությունը բանակի նկատմամբ, որի հանդեպ վստահությունը մշտապես եղել է շատ բարձր, եւ որը հասարակության կողմից  ընկալվել է որպես պետության կայացած ինստիտուտներից մեկը:

«Եթե մենք նույն ձեւով շարունակենք, ապա ես մեծ վախեր ունեմ, որ դա մեզ լավ տեղ չի տանի»,-ասաց Սաֆարյանը: Նա նաեւ հավելեց, որ մեկ վատ օրինակը կարող է ջուրը լցնել արված հազարավոր լավ աշխատանքները, քանի դեռ նմանատիպ դեպքերը ծնող պատճառները  բացահայտված չեն: Հարցին, թե վերջին միջադեպերը կարո՞ղ են բերել բանակում որոշակի կադրային փոփոխությունների, պատգամավորն արձագանքեց. «Իհարկե, դրա կարիքը կա: Մենք միշտ ասում էինք՝ վերջ տվեք ուժային պետություն կառուցելու ձեր մոլուցքին: Որովհետեւ ուժեղ պետությունը դա ուժային պետությունը չէ: «Դեդավշինան», բանակում արմատացած այլանդակ բարքերը պետք է արմատախիլ արվեն»,-նշեց պատգամավորը:  Նա նաեւ ընդգծեց, որ ՊՆ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ բանակի ստորաբաժանումների սպայական կազմին աշխատանքից ազատելու, կամ էլ այդտեղ կանոնադրական հարաբերություններ հաստատելու առումով: (Խոսքն այն ստորաբաժանումների մասին է, որտեղ տիրում են  Սաֆարյանի նշած բարքերը):

Լրագրողի այն հարցին, թե տեղի ունեցած միջադեպերից հետո պաշտպանության նախարարը պե՞տք է հրաժարական տա, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե մենք լինեինք այլ երկրում, ապա նախարարը չէր սպասի, որ որեւէ լրագրող նման հարց ուղղեր որեւէ քաղաքական գործչի: Նա հիշեցրեց Իսպանիայում տեղի ունեցած միջադեպը, երբ այդ երկրում մեկ կամուրջ փլուզվեց, եւ շինարարության նախարարը ինքնակամ հրաժարական տվեց: Սաֆարյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե նման նախադեպեր լինեին նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա, Սաֆարյանն ասաց, թե շատ կցանկանար, որ «ինքը գոնե մեկ անգամ, գոնե այս միջադեպի հետաքննության առումով ապացուցեր, որ նման դեպքերը բացահայտվում են, պատժվում են եւ կանխվելու են»:

Հիշեցնենք, որ  հուլիսի  27-ին  Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան էր եղել  պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը, իսկ դրանից մեկ օր անց՝ հուլիսի 28-ին, Մարտունու N զորամասում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին 1 սպա եւ 5 զինվոր: