Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը Վրաստանի գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն գնորդների շարքում՝ զիջելով Ռուսաստանին և Իտալիային, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին երկրի ագրարային արտահանումը կազմել է 1,3 միլիարդ դոլար, ընդ որում առաջին յոթ ամիսների ընթացքում Ռուսաստանին բաժին է ընկել 100,4 միլիոն դոլարի արտահանում, Իտալիային՝ 21 միլիոն դոլար, իսկ Հայաստանին՝ 17,3 միլիոն դոլար։
Այս ֆոնին Ռուսաստանն ու Վրաստանը քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առևտրի ընդլայնումը։ «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակությունը Թբիլիսիում բանակցություններ է վարել Վրաստանի Սննդի ազգային գործակալության հետ՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային սեմինարի շրջանակում, որն անցկացվել է հոկտեմբերի 20-22-ը։
Հանդիպման արդյունքներով ռուսական կողմը հայտնել է, որ 2026 թվականի նոյեմբերից վրացական կաթի վերամշակմամբ զբաղվող երկու ձեռնարկություն կկարողանա մատակարարել արտադրանք ռուսական շուկա։ Արտադրողներին Եվրասիական տնտեսական միության համապատասխան ռեեստրում ներառելու համար «Ռոսսելխոզնադզորն» արդեն դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Բացի դրանից, Մոսկվան պատրաստակամություն է հայտնել ստուգել վրացական վեց ձկնարտադրական և ծովամթերք արտադրող ձեռնարկություն, որոնք հետաքրքրված են Ռուսաստան արտահանմամբ։ Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը բանակցությունների մասին դեռևս հրապարակայնորեն չի հայտնել։
«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ 2026 թվականի ինը ամիսների ընթացքում նկատելիորեն աճել են վրացական մրգերի և հատապտուղների ռուսական գնումները։ Ձմերուկի մատակարարումներն աճել են 59,5%-ով՝ հասնելով 1,4 հազար տոննայի, մանդարինինը՝ 57,2%-ով՝ մինչև 3,3 հազար տոննա, հապալասինը՝ 46,7%-ով՝ մինչև 9,5 հազար տոննա, սալորինը՝ 43,3%-ով՝ մինչև 5,5 հազար տոննա, իսկ խնձորինը՝ 24,5%-ով՝ մինչև 15 հազար տոննա։
Միևնույն ժամանակ վրացական ագրարային արտահանման կախվածությունը ռուսական շուկայից դեռևս բարձր։ Ռուսաստանին է բաժին ընկնում վրացական գինու արտահանման 63,4%-ը, հանքային ջրի՝ 84,1%-ը և քաղցր գազավորված ըմպելիքների՝ 42,4%-ը։ Նման կենտրոնացումը ռիսկեր է ստեղծում արտադրողների համար՝ նոր առևտրային սահմանափակումների ներդրման դեպքում։
Հոկտեմբերի սկզբին «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել վրացական մի շարք բրենդների արտադրանքի ներմուծման վրա, դրանց թվում՝ Teliani Valley, Tbilvino, Wineman և Askaneli Brothers գինիների, Georgian Beer Company գարեջրի, վրացական Coca-Cola-ի և «Նաբեղլավի» հանքային ջրի։ Ռուսական կողմը որոշումը բացատրել է արտադրանքի՝ սահմանված ցուցանիշներին չհամապատասխանելով։ ՌԴ ԱԳՆ-ում հերքում են սահմանափակումների քաղաքական ենթատեքստը, իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ակնկալում է որոշման վերանայում։





























