Երեւանի քաղաքապետարանը, Ընտանիքի միջազգային օրվա՝ մայիսի 15-ի առթիվ իրականացվող բազմաթիվ միջոցառումներին ի հավելումն, ներկայացրել է «Իմ ընտանիքը իմ հարստությունն է» խորագրով սոցիալական նախագիծ: Մասնակցել են Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ապրող տարբեր մասնագիտության տեր, ակտիվ հասարակական կյանքով ապրող, բազմազավակ ու պարզապես համերաշխ եւ աշխատասեր երեւանաբնակ ընտանիքներ՝ իրենց մեծ գերդաստաններով:

Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված վահանակներին մայիսի 15-ից ներկայացվել են նախագծում ներգրավված տարբեր ընտանիքների լուսանկարները, իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Երեւանի քաղաքապետարանի էջում կհրապարակվեն նախագծի մասնակիցների հետ հարցազրույցները՝ ընտանեկան երջանկության ու քաղաքային մշակույթի ձեւավորման հարցում ընտանիքների դերի կարեւորության մասին:

Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է ամբողջացնել երեւանաբնակ ընտանիքների ալբոմը եւ ներկայացնել բազմաթիվ այլ ընտանիքների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ու նվիրումով Երեւան քաղաքին փոխանցում են այն ուղերձը, որ երջանիկ ու ամուր ընտանիքն ամենակարեւոր արժեքն է, որով իրապես հարուստ է դառնում նաեւ քաղաքամայր Երեւանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է սոցիալական նշանակության իր բոլոր ծրագրերում առանձնակի ուշադրություն դարձնել ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված միջոցառումներին՝ քաղաքային տնտեսության զարգացման մյուս ծրագրերում եւս շեշտադրելով ավելի հարմարավետ քաղաք ունենալու առաջնահերթությունը: