Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ, բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ եւ պնդում է, որ ինքը մեղավոր է այնքանով, որ չի զիջել գլխավոր փողոցով ընթացող մեքենային, սակայն կատարվածի մեջ է եղել նաեւ «Գազելի» վարորդը։ Այս մասին հերթական դատական նիստին հայտարարեց մեղադրյալը՝ պատասխանելով դատավորի իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հարցադրմանը:

«Ես ինձ մասնակի եմ մեղավոր ճանաչում, իմ մեղավորությունը նրանում է, որ չեմ զիջել գլխավոր փողոցով եկող մեքենային»,- ասաց Մանվել Վարդանյանը:

Հարցաքննվեցին նաեւ գործով տուժողներ 36-ամյա Զարուհի Հովհաննիսյանը, նրա որդին  14-ամյա Էդմոն Սիմոնյանն ու  17-ամյա Հովհաննես Չախոյանը:

Զարուհի Հովհաննիսյանի անչափահաս  որդին՝ Էդմոն Սիմոնյանը, մանկավարժի ներկայությամբ  դատարանին պատմեց, որ երթեւեկության ընթացքում ինքը լսել է արգելակող ձայն ու վայրկյաններ անց հայտնվել է մեքենայից դուրս մոտ 30 մետր հեռավորության վրա ու տեսել, թե ինչպես է այրվում «Գազել» մակնիշի ավտոմեքենան, ներսից մարդկանց օգնության կանչեր  լսել:

«Ես հեռախոսով էի խաղում, մութ էր արդեն , երբ հասանք Մարլիկի կողմը մի աղջիկ իջավ, հետո մենք շարժվեցինք առաջ, երեւի մի 80-90 կմ/ժ կլիներ արագությունը, ու մեկ էլ արգելակող ձայն եկավ ինչ-որ տեղից, ու ես հայտնվա դուրսը, ինձ մի աղջիկ մոտ եկավ, անունս հարցրեց ու օգնեց՝ հասնեմ մամայիս, հետո ես տեսա, որ մեքենան այրվում է, ու մարդիկ միջոց գոռում են՝ օգնեք»- պատմեց Էդմոն Սիմոնյանը։

Ավտովթարից տուժած Զարուհի Հովհաննիսյանը, Էդմոն Սիմոնյանը եւ Հովհաննես Չախոյանը  դատարանին ներկայացրին  վնասի փոխհատուցման իրենց պահանջը գործով մեղադրյալ Մանվել Վարդանյանից, քանի որ նրանց խոսքով՝ իրենք անձնական միջոցներով են հոգացել բժշկական մի շարք ծախսեր:

Դատական նիստին ամբաստանյալի փաստաբան Լիանա Բալյանը 3  միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ մի քանի փորձաքննություններ կրկին կատարելու վերաբերյալ, որոնց մասին որոշումները դատարանը կհրապարակի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 15-ին:

Ըստ մեղադրական եզրակացության «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Արթիկից Գյումրի ճանապարհվելիս, 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մասնավորապես՝ ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ և, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ, ապա բախվելով ուղևորատար մեքենային՝ վթարի է ենթարկվել:

Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել է, որի հետեւանքով 7 հոգի մահացել է, ևս 8 հոգի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: