Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, Մալաթիայի քննչական բաժնում դեռեւս 2014 թվականի ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել՝ քաղաքացու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու եւ պահելու դեպքի առիթով. նրա մոտ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբերի 2 տուփ էր հայտնաբերվել։
Նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հոգեմետ դեղամիջոցը ձեռք է բերել դեղատնից՝ «Քաղաքային Էնդոկրին Դիսպանսերի» բժշկուհու կողմից այլ անձի անվամբ դուրս գրված դեղատոմսով:
Քրեական գործի նյութերով 2015 թվականի հունվարին հարուցվել էր նոր քրեական գործ՝ բժշկուհու կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդապատճառներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալու դեպքի առիթով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերում» որպես սրտաբան աշխատող բժշկուհին, ով հոգեմետ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն ուներ, մեկ այլ բնակչուհու անվամբ հոգեմետ դեղամիջոցի 48 հատ դեղահաբի դեղատոմս է դուրս գրել, բայց նրան մի քանի հատ է տվել։ Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին մի քանի դեղահաբեր ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, ում ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը՝ պահել իր մոտ:
2015 թվականի մայիսի 15-ին նա ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մայիսի 18-ին բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է:





























