ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ Զարուհի Փոստանջյանի շուրջ կատարվող իրադարձությունները մեծ արձագանք են ստացել. «Դե ֆակտո» ակումբում այսօր աննախադեպ թվով լրագրողներ էին հավաքվել՝ լսելու Փոստանջյանի պարզաբանումները: Միայն 13 հեռուստաալիքի տեսախցիկ էր աշխատում, ինչն աննախադեպ է ասուլիսների համար:
Ի պատիվ Զարուհի Փոստանջյանի, նա եկել էր ոչ թե արդարանալու, այլ, ընդհակառակը, մեղադրելու իշխանությանը՝ իր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հունիսի 22-ին ինքը ելույթ է ունեցել մոնիտորինգի հանձնաժողովի նիստում եւ ներկայացրել Հայաստանի իրական վիճակը: «Իմ տարած մի տեղեկանք էլ վերաբերում էր վերջին մեկ տարվա իրադարձություններին, որը ապացուցում էր, որ ԵԽԽՎ բանաձեւերը փաստացի չեն կատարվել: Դրանից հետո մոնիտորինգի հանձնաժողովը պատրաստեց իր բանաձեւի նախագիծը: Մենք պետք է ներկայացնեինք առաջարկությունները: Իմ կողմից ներկայացվել են 3 առաջարկություններ՝ քաղաքական դրադապատճառներով կալանավորված այլ անձանց եւս ազատ արձակելու, փաստահավաք խմբի աշխատանքի վերականգնման եւ միջազգային փորձագետի ներգրավման եւ համազեկուցողների լրացուցիչ այցի վերաբերյալ: Դավիթ Հարությունյանը հրաժարվեց միանալ առաջարկություններին: Դրանից հետո առաջարկությունները տրամադրեցի իրեն ընդդիմություն հռչակած դաշնակցության ներկայացուցչին՝ Արմեն Ռուստամյանին: Նա նույնպես հրաժարվեց»,- պատմեց տիկին Փոստանջյանը եւ հավելեց, որ ԵԽԽՎ ճեմասրահում իրեն են մոտեցել քաղաքական հանձնաժողովի նախագահ Գորան Լիբլանտը, սոցիալիստների խմբի նախագահ Անդրեաս Գրոսը, մի թուրք պատվիրակ եւ ադրբեջանցի Գյուլթեքին Հաջիեւան. «Այո, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Այո, ես թույլ եմ տվել, որ ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցների ազատ արձակելու առաջարկի տակ: Դա իմ գործընկեր Սասուն Միքայելյանն է, Ժորա Սափեյանն է, Մկրտիչ Սափեյանն է եւ այլոք: Գտնում են, որ իմ առաջարկը ճիշտ էր: Եւ եթե պետք լիներ, այդ աղմուկից հետո էլ թույլ կտայի, որ ստորագրեին»:
Ըստ Փոստանջյանի՝ այս աղմուկի ամբողջ պատճառը եղել է ոչ թե թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների ստորագրությունը, այլ այն, որ ինքը տապալել է Դավիթ Հարությունյանի գործունեությունը, «որը հետապնդում էր մեկ բան` այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին եւ մարտի 1-ի էջը փակվեր»: Փոստանջյանը նշեց, որ աղմուկի նպատակը նաեւ եղել է հանրության ուշադրությունը շեղել ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի բովանդակային մասից: «Կարող ենք նաեւ թույլ տալ, որ ստորագրեն հայանպաստ որոշումների տակ, թեկուզ չհասկանալով: Այո, ես առաջարկել եմ այնպիսի նախագիծ, որտեղ ներառված է եղել իմ գործընկեր Սասուն Միքայելյանը՝ ազատամարտիկ, որը մասնակցել է Արցախի պատերազմին: Եթե դուք, որեւիցե մեկդ կարող էիք գնալ, այնտեղ ելույթ ունենալ, խոսել ցեղասպանությունից, խոսել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից եւ դրանից հետո ձեր առաջարկին կմիանան Ադրբեջանի եւ Թուրքիայի ԵԽ պատվիրակություններից մեկը, ես գտնում եմ, որ դա կլինի ձեր կողմից իրապես լավ աշխատանք»,- ազդարարեց պատգամավորը:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին նշեց, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը այդ երեք առաջարկները քննարկվել են կուսակցությունում եւ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է կուսակցության առաջարկները: «Եւ այն, որ այդ հայանպաստ առաջարկներում ներգրավել է թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին, եթե հետագայում եթե ներկայացնի Ղարաբաղի անկախության բանաձեւը, պետք է ձգտենք, որ դրանում ներգրավենք թուրք եւ ադրբեջանցիների, թեեւ դա դժվար է լինելու, քանի որ այդ հարցում նրանց տեսակետը համընկնում է մեր ԱԺ մեծամասնության կարծիքի հետ»,- արձանագրեց Խուրշուդյանը:
«Մենք առանձնակի սպասելիքներ չունեինք, բայց ի զարմանս մեզ եւ ի տխրություն ՀՀ իշխանությունների՝ ԵԽԽՎ-ն բավական հաջողված փաստաթուղթ է ընդունել: Եւ դրանից հետո իշխանության ներկայացուցիչներին մնում էր գնալ եւ դարդից խմել»,- իր հերթին նկատեց պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Ի դեպ, Զարուհի Փոստանջայնը նշեց, որ պատասխանատվության է կանչելու իր հասցեին հերյուրանքներ հնչեցնող բոլոր անձանց: Մասնավորապես նա նշեց, որ իր առաջարկներից հետո իրեն է մոտեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու սպառնալիքներ տեղացել:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հաստատեց, որ պատվիրակությունը Հայաստանից մեծ քանակությամբ կոնյակ եւ գեղանկարներ է տարել Ստրասբուրգ, այնտեղ դրանցով թերեւս հարցեր լուծելու համար: «Ես ինքս էլ եմ ականատես եղել: 30 արկղ էր՝ հսկայական, նրանք տանում էին: Խմիչք էր, թե ինչ էր, ես չեմ կարող ասել, որովհետեւ նրանց վրա պիտակ էին փակցնում, որ այդ արկղերի մեջ գտնվում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են ջարդվել: Եւ խոսում էին, որ դրանք նկարներ են»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:



























