Իսրայելը կրակով է պատասխանել Լիբանանին այն բանից հետո, երբ լիբանանյան մի քանի հրթիռներ ընկել են Իսրայելի հյուսիսի վրա: Երկու երկրների սահմանին փոխհրաձգություն է եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական ռադիոկայաններն ու լրատվական կայքերը:
Համաձայն այդ տեղեկատվության, իսրայելական տանկը գնդակոծել է լիբանանյան տարածքը: Լիբանանցիները պատասխանել են հրետանու կրակով:
Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ հյուսիսային Կիրյաթ-Շմոնա եւ Կֆար-Գիլադի բնակավայրերում մի քանի պայթյուններ են հնչել: «Մենք կարծում ենք, որ գնդակոծում է եղել, սակայն արկերի անկման վայրը դեռ հայտնի չէ»,- նշել է Իսրայելի ոստիկանության մամուլի քարտուղարը:
Միջադեպի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան:




























