Օգոստոսի սկզբին կորած Arctic Sea բեռնանավը հայտնաբերվել է երկուշաբթի, օգոստոսի 17-ին երեւանյան ժամանակով գիշերվա 2-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Լադնիյ» նավի կողմից Կանաչ հրվանդանից 300 մղոն հեռավորության վրա։

«Arctic Sea-ի անձնակազմը ռուսական իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել է ռազմանավ եւ գտնվում է Սալ կզու ճանապարհին, որտեղ նրանց սպասելու է ռուսական ինքնաթիռը, որն էլ նրանց Մոսկվա կտեղափոխի», — ասված է Կաբո-Վերդեի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին 15 ռուսներից բաղկացած անձնակազմով եւ մոտավորապես 2 միլիոն դոլար չափով սղոցանյութերի բեռով Arctic Sea բեռնանավը, պետք է ժամաներ ալժիրյան Բեջայ նավահանգիստ։ Սակայն, հուլիսի 28-ին նավը կորել էր բոլոր ռադարների տեսադաշտից, բեռնանավի գտնվելու վայրի մասին մինչեւ հայտնաբերումը ոչ մի տվյալ չկար։ Կործանման ազդանշան նավը նույնպես չի տվել։