Details.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը անկեղծ խոստովանություն է արել իր կյանքի մասին, պատմելով իր մահացած դստեր, արմատական բուսակերության, մարիխուանա օգտագործելու եւ մանկության դրվագների մասին, որը կանխորոշել է հետագա իր ողջ ճակատագիրը: «Գազեռա.ռու»-ն հատվածներ է մեջբերել այդ հարցազրույցից:

Բռնցքամարտիկը, մասնավորապես, խոստովանում է, որ իր կյանքի առաջին հատվածն ապրել է շատ անիմաստ ու եսասեր կյանքով: «Ես չեմ եղել անգամ կեսը նրա, ինչ ինձ երեւակայում էի: Կարծում եմ, որ ես խոզ եմ: Ես ունեմ այդ անբացատրելի հատկությունը` նայել ինձ հայելու մեջ եւ ասել. «Այ քեզ խոզ: Դու կեղտի կտոր ես»,- խոստովանել է Թայսոնը: Այնուհետեւ բռնցքամարտիկը բացել է հոգին ու նշել, որ նախքան իր 4-ամյա դստեր մահը, նա զզվում էր մարդկանցից, բայց այդ սարսափելի դեպքից հետո, գիտակցել է, որ պետք է ծառայի եւ օգնի նրանց: «Երբեմն ինձ թվում էր, թե կորցրել եմ հավատս եւ հոգուս խորքում մի զգացում էր արթնանում, որ մյուս բոլոր մարդիկ պետք է մեռնեն, իսկ իմ դուստրը պետք է ինձ հետ լինի»-,ասել է նա ու ընդգծել, որ հիմա ֆինանսական բարեկեցության հարցերն իր համար երկրորդ պլան են մղվել:

«Ես ապրում եմ լավ տանը, էլիտար թաղամասում, բայց այդ բոլորը որեւէ նշանակություն չունի: Իմ կյանքը հիմա այլ է: Երբեմն ես անգամ ինձ չեմ ճանաչում»,- խոստովանել է Թայսոնը, միաժամանակ հավելելով, որ կյանքն իրեն լավ հարվածել է: «Սա դեռ պայքար է, բայց այս անգամ ես մտադիր եմ կռվել մինչեւ վերջ»,- հավաստիացրել է Թայսոնը:

Բռնցքամարտիկը խոստովանել է, որ արդեն 8 ամիս է բուսակեր է դարձել: «Դուք չեք հավատա, թե որքան էներգիա եմ ես ստանում: Միսն ինձ համար թույն է դարձել»,- ասել է նա: Այնուհետեւ խոսելով իր մեղքերի մասին Թայսոնն ընդգծել է, որ պետք է մեռած լիներ: «Ես միայն գիտեմ, որ չպետք է այստեղ լինեի: Ես պետք է նստած լինեի բանտում` սպանության համար: Ես պետք է մեռած լինեի, ՁԻԱՀ-ով հիվանդ լինեի կամ էլի ինչ-որ բան: Ես երբեք չեմ մտածել, որ կհասնեմ 25 տարեկան հասակի»,- ասել է նա:

«Հավատացեք ինձ, ես չեմ չափազանցնում: Ես ուսումնասիրել եմ բոլոր բռնցքամարտիկներին իմ մենեջերի տանը եւ գիտես, այդ մանեմարտերում այնքան չարություն կա: Ջեյք Լամոթ, Հենրի Արմսթրոնգ« Կարմեն բազիլիո, Շուգա Ռեյ: Աստված իմ, նա չարության մարմնացում էր: Բայց բոլորից շատ Ջեք Ջեփսին: Այս տղաները հասկացնել էին տալիս, որ ցանկանում են սպանել քեզ եւ հարվածում էին, հարվածում ու հարվածում: Ջեք Դեփսին ցանկանում էր հանել քո աչքը, ջարդել ծնոտը, ոսկորները: Ես հենց դա եմ սովորել նրանից»,- ասել է Թայսոնը: