Չեխիան դեռեւս պատրաստ չէ հաստատել եվրոյի գոտու անցնելու ամսաթիվը: Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, հաղորդում է CeskeNoviny ինտերնետ պորտալը:
«Ներկա կառավարությունը չի որոշի եվրագոտուն անդամակցելու ժամանակի հարցը: Նախ անհրաժեշտ է լրջորեն բարելավել երկրի տնտեսությունը, որպեսզի այն իր մակարդակով մոտենա եվրագոտու երկրներին»,-հայտարարել է Չեխիայի վարչապետը՝ այդ հարցով խորհրդակցության ավարտից հետո:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը, նաեւ Ազգային բանկի ղեկավար Միրոսլավ Սինգերը, հաղորդում է Gazeta-ն:
«Անհրաժեշտ է ցուցանիշների իրական մերձեցում՝ կենսամակարդակի, աշխատավարձերի եւ ՀՆԱ-ի տեսանկյուններից: Մենք պետք է զարգանանք եւս մի քանի տարի, որպեսզի աստիճանաբար մոտենանք եվրագոտուն: Միայն այդ ժամանակ իմաստ ունի վերադառնալ միասնական եվրոպական արժույթն ընդունելու ամսաթվի քննարկմանը»,-ընդգծել է Սոբոտկան:





























