Միջուկային զինաթափման համատեքստում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը դեռեւս դրական հուն չի մտնում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

«Այդ թեմայով (միջուկային զինաթափման) մեր երկխոսությունը ինչպե ռուս-ամերիկյան երկկողմ խողովակով, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գծով ներկայումս փակվել է: Այնպես որ դեռեւս որեւէ դրական հեռանկար չի նշմարվում»,-ասել է Ուլյանովը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ գլխավոր տարաձայնությունը հակահրթիռային պաշտպանության համակարգն է:

«Այդ խնդրի շուրջ մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք: Մեզ պետք են հուսալի երաշխիքներ այն բանի, ինչը բանավոր ասում են ամեն մի անկյունում, որ այդ համակարգերն ուղղված չեն միջուկային զսպվածության ռուսական ուժերի դեմ: Բայց դեռ մեզ պատասխանում են, որ նման երաշխիքները չի կարելի արձանագրել թղթի վրա, եւ որ Ռուսաստանի հետ կամ առանց նրա այդ համակարգը ստեղծվելու է»,-հայտարարել է Ուլյանովը:

Ավելի վաղ Ուլյանովը հայտարարել էր, որ Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, լրիվ իրավունք ունի միջուկային զենք տեղակայել իր տարածքում, այդ թվում Ղրիմում: