ՕԵԿ-ն առաջարկում է միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմ եւ օրակարգ ստեղծել: Այս մասին նշվել է մայիսի 31-ին, ՕԵԿ ընդլայնված վարչության նիստի ժամանակ, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նիստում, մասնավորապես, քննարկել է Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը:
ՕԵԿ-ը, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման եւ ժողովրդավարության խորացման համար, կարեւորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի եւ օրակարգի ստեղծումը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, կարեւորելով համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների եւ անհատ քաղաքացիների միջեւ, որոշում է.
Նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի եւ հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ:
Վարչությունն արձանագրում է, որ միայն լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիայով, երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների եւ անհատների ջանքերով է հնարավոր վճռական պոռթկում կատարել եւ երկիրը տանել զարգացման եւ առաջընթացի ճանապարհով:
Կուսակցության վարչությունը դիմում է երկրի ճակատագրով մտահոգ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին համախմբելու ջանքերը հավաքական ուժերով պայքարելու Հայաստանի վերածննդի եւ զարգացման համար:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ նիստին նախորդած ժամանակահատվածում քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ թե ՕԵԿ-ը եւ թե գործընկեր կազմակերպությունները վստահ եւ լիահույս են, որ համատեղ ուժերով հնարավոր է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ ամուր հենք ստեղծելով Հայաստանի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:
Նիստում նաեւ քննարկվել են կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր:





























