Ներպետական հետախուզման մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը անցյալ շաբաթ դարձել էր Օդեսայի շրջանի նահանգապետ եւ Ուկրաինայի քաղաքացիություն ստացել, հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, գրում է Sputnik-ը։
Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հատուկ հրամանով Սահակաշվիլիին քաղաքացիություն էր շնորհել եւ նշանակել Օդեսայի նահանգապետի պաշտոնում։ Իսկ Վրաստանի օրենսդրությամբ՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում քաղաքացին ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Ընդ որում Վրաստանը թույլ է տալիս ունենալ երկքաղաքացիություն, սակայն դրա համար անհրաժեշտ է դիմել նախագահին։
«Ուկրաինայի օրենսդրությունը տրամադրում է երկու տարի անցումային շրջան, մինչեւ դու կհրաժարվես երկրորդ քաղաքացիությունից։ Ուկրաինայում կարելի է լինել այդ երկրի քաղաքացի եւ չհրաժարվել մեկ այլ պետության քաղաքացիությունից»,- հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում։ Նա հիշեցրել է, որ իրեն քաղաքացիությունից պետք է զրկի Վրաստանի նախագահը։
«Ես չեմ պատրաստվում դիմել քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով։ Եթե նախագահը որոշի զրկել ինձ քաղաքացիությունից, ապա որոշ ժամանակ հետո վրացի ժողովուրդը կվերականգնի այն եւ կլուծարի բոլոր այն քրեական գործերը, որոնք նոր իշխանությունները հարուցել են իմ դեմ»,- նշեց Սահակաշվիլին։





























