Երեխաների պաշտպանության միջազգային օրը «հիշում ենք» նաեւ աճող սերնդի այն հատվածին, որոնք հատկապես պաշտպանության եւ հոգատարության կարիք ունեն: Խոսքն այն երեխաների մասին է, որոնք այս կամ այն պատճառով զրկված են ծնողական խնամքից:

Երեխաների որդեգրման, այսպես կոչված, «կենտրոնացված հաշվառում է» իրականացվում, որտեղ անցյալ տարի 117 երեխա է եղել, այդ թվում՝ մինչեւ 6 ամսական 18 փոքրիկ…

Կարելի է եզրակացնել, որ այդ բոլոր երեխաները ծնողազուրկ են: Իրականում ամեն ինչ հակառակն է: Վերոնշյալ փոքրիկներից 47-ը երկու ծնողն էլ ունեցել են:

Մնացածը կա՛մ մեկ ծնող ունեն, կա՛մ «մայրերն ու հայրերը» զրկված են ծնողական կամ խնամակալության իրավունքից: Ի դեպ, այդ «ծնողների» թվում քիչ չեն միայնակ մայրերը: Արդյունքում պարզվել է, որ լիարժեք որբ միայն… մեկ դեռահաս կա:

Անցյալ տարի երեխա ունենալու ցանկություն է ունեցել 244 մարդ, այդ թվում՝ 128 օտարերկրացի (որոնցից մեկը՝ Հայաստանում բնակվող): Այսինքն՝ պոտենցիալ որդեգրողների կեսից ավելին օտարերկրացիներ են եղել:

Հասկանալի է, որ երեխա որդեգրելու համար միայն ցանկությունը բավարար չէ: Պայմանները չափազանց խիստ են: Այդ պատճառով, ի տարբերություն ցանկություն ունեցողների, որդեգրված երեխաների թիվը շատ ավելի քիչ է՝ ընդամեը 46 փոքրիկ:

Նշենք, որ որդեգրման համար մեծ նշանակություն ունի նաեւ երեխայի տարիքը: Այսպես, որդեգրման համար հաշվառման մեջ մինչեւ 6 ամսական տարիքի 18 երեխա է եղել: Իսկ ահա որգեդրված երեխաների մեջ տարիքային այդ խմբի երեխաներ չեն եղել: Միաժամանակ, որդեգրված երեծաների կեսը՝ 23 փոքրիկ, 1-6 տարեկան է եղել:

Եվ վերջում հավելենք, որ անցյալ տարեվերջի տվյալներով, Հայաստանի մանկատներում 951 երեխա կա, որոնց կեսից ավելին՝ հաշմանդամներ: