Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներն ամենայն հավանականությամբ կլինեն հունիսի 12-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ լսումներին մասնակցելու են նաեւ ՀԷՑ-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները:

«Բոլոր քաղաքական ուժերն են զբաղվում այս հարցով: Ինձ համար կարեւորը ոչ թե 17 դրամով թանկանալն է, այլ որ որոշումը հարմար լինի հասարակությանը»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչու ՀԷՑ-ի վարձակալած բնակարանների եւ մեքենաների համար պետք է քաղաքացի վճարի, ԱԺ նախագահը վստահեցրեց, որ նման չկա, բնակչության վճարների հաշվին ՀԷՑ-ը ճոխոթյուն չի արել եւ չի էլ անելու:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: