Հայաստանում հավատարմագրված դեսպանների տիկնայք հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ արտգործնախարարի տիկին, «Բարի՛ գալուստ Հայաստան» կանանց միության ղեկավար Նատալյա Նալբանդյանի ղեկավարությամբ այցելեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ (ֆոտոռեպորտաժ)։
Բոլորին շնորհավորելով Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ Նատալյա Նալբանդյանը նշեց. «Երեխաների պաշտպանությունը, ինչպես հայտնի է, սկսվում է նրանց ծնվելու օրվանից։ Որպեսզի երեխաները լույս աշխարհ գան լավ պայմաններում, անհրաժեշտ է առաջին իսկ օրվանից նրանց համար որակյալ բուժօգնություն ապահովել։ Երեխաների առողջության հոգսը մեր, մայրերի եւ բժիշկների առաջնային խնդիրն է։ Այդ պատճառով ցանկանում եմ շնորհավորել բոլոր բժիշկներին, նաեւ նրանց, ովքեր այսօր ծնունդ են ընդունել, եւ մաղթել առողջություն բոլորին, առաջին հերթին՝ երեխաներին»։
Արտգործնախարարի տիկնոջ խոսքով՝ սա նրանց 2-րդ այցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։ «Մենք այցելել ենք հիվանդանոց նաեւ մի քանի շաբաթ առաջ։ Սա հիանալի ծննդատուն է, պայմանները հիանալի են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դիվանագետների կանանց, որոնք եկել են։ Բոլոր 30 մասնակիցները հաճույքով մասնակցում են մեր ակցիային։ Նրանք նվերներ են բերել եւ որ ամենակարեւորն է՝ մաղթանքներ երեխաներին եւ բժիշկներին, որոնք աշխատում են այստեղ»,- նշեց տիկին Նալբանդյանը։
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի տիկին Ելենա Կուխտայի խոսքով՝ նրանք այցելել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ «Նույնիսկ արցունքներ հայտնվեցին իմ աչքերում։ Աստված այս մանուկներին եւ նրանց ծնողներին առողջությու՛ն տա, որպեսզի նրանց մոտ ամեն բան լավ լինի։ Մաղթում եմ, որ այս բժշկական կենտրոնը երբեք անհաջողություններ չունենա, որ բոլոր երջանիկ լինեն»,- մաղթեց տիկին Կուխտան։
Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Անի Շագինյանովան, ով 2 որդի ունի, իր հերթին Աստծուն շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ ինքն ամեն բան ունի։ «Կարծում եմ, որ յուրաքանչյուր կին պետք է շատ երեխաներ ունենա։ Դա իսկական երջանկություն է։ Խորհրդանշական է, որ կազմակերպիչները այցի համար ընտրել են հենց այս օրը։ Շնորհավորում եմ բոլոր երեխաներին եւ մաղթում եմ, որ նրանք միշտ առողջ լինեն։ Մնացածը այդքան էլ կարեւոր չէ»,- եզրափակեց Անի Շագինյանովան։




























