Ցանկանում եմ Հայաստանի բոլոր երեխաներին մաղթել առողջություն, որպեսզի նրանք մեծանան խաղաղ երկրում, իսկ Հայաստանին մաղթում եմ խաղաղություն եւ բարգավաճում։ Այս մասին հունիսի 1-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կատարած այցի շրջանակներում NEWS.amի թղթակցին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Սվետլանա Ռամիշվիլին։
«Ես շնորհակալություն եմ հայտնում հիվանդանոցի ղեկավարությանը հրավերի համար։ Ցանկանում եմ նշել ողջ բուժանձնակազմի աշխատանքը։ Ես մի փոքր ծանոթ եմ այս հիվանդանոցի աշխատանքին, քանի որ սա իմ առաջին այցը չէ։ Պատահական չէ, որ այս հիվանդանոցը կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը. բժիշկներն իրոք սուրբ գործ են անում՝ փրկելով փոքրիկ երեխաներին։ Երեխաները մեր ապագան են»,- ընդգծեց Սվետլանա Ռամիշվիլին եւ հավելեց, որ ԲԿ-ում կան հիանալի սարքավորումներ, շատ ուշադիր եւ կոմպետենտ անձնակազմ։
Ռուս դեսպանի կինը նշեց, որ ինքը 2 երեխա ունի, նրանք արդեն մեծ են։ «Ես արդեն թոռնիկ ունեմ, որը շուտով կդառնա 12 տարեկան։ Նրանք Վրաստանում են ապրում։ Ես ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում, որովհետեւ մեզ 4 ժամվա ճանապարհ է բաժանում։ Ես ամուսնուս հետ 2 տարի է՝ այստեղ եմ ապրում եւ արդեն հասցրել եմ ծանոթանալ ձեր հիանալի երկրի տեսարժան վայրերին։ Մենք երեկ Ջերմուկ էինք գնացել։ Ամբողջ հոգով ցանկանում եմ, որ Աստված Հայաստանին ամենայն բարիք տա»,- մաղթեց ՌԴ դեսպանի տիկինը։





























