Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը Բունդեսթագում դեռեւս չի փակվել։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին կայացած նիստում ցեղասպանություն եզրն օգտագործել է Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը։

Պատգամավորները ընդհանուր հայտարարի չեն եկել, այդ պատճառով բանաձեւը ուղարկվել է արտաքին կապերի հանձնաժողով, որտեղ հիմա այն քննարկվում է։ «Իհարկե, թե երբ այն կլինի, չեմ կարող ասել»,- հայտարարեց դեսպանը։

Նշենք, որ իշխող կոալիցիայի կողմից ներկայացված բանաձեւի տեքստում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմում Ձախերի եւ Կանաչների բանաձեւի տեքստում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է։