Չբավարարվելով ադրբեջանական ժողովրդի «մեծ համազգային առաջնորդի» մասին առասպելներով՝ ի դեմս երկարամյա կուսակցական գործիչ Հեյդար Ալիեւի, բաքվեցի գաղափարախոսները որոշել են նոր հասակցություն մոգոնել, որը հանդգնում է աշխարհի գաղափարախոսական ուղղությունների մեջ «նոր խոսք» դառնալու: Խոսքն «ադրբեջանականության» մասին է, որը, ինչպես պարզվում է, հարմար հովանոց է, որի տակ կարող են իրենց լավ զգալ երկրի բոլոր էթնիկ միավորումները: Այդ գաղափարախոսության շրջանակներում էլ երիտասարդ առաջնորդների համար ամառային ճամբարում ելույթ է ունեցել նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի աշխատակից Ֆարհադ Մամեդովը:

«Ադրբեջանականություն» հասկացության հայտնագործման հետ մեկտեղ, երիտասարդ բաքվեցի պաշտոնյան բավական հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնք անուղղակի կերպով հերքում են ադրբեջանական ժողովրդի՝ հին պատմություն ունենալու առասպելները: Մասնավորապես խոսելով ազգային նույնականության մասին՝ Մամեդովը ընդգծել է, որ ադրբեջանցիների նույնականացման կառուցվածքի ձեւավորման գործընթացը սկսվել է միայն 19-րդ դարավերջին, այսկերպ՝ հերքելով սեփական ժողովրդի «բազմադարյա պատմության եւ մշակութային անցյալի» մասին տարատեսակ «տեսությունները»:

Համենայն դեպս, խոսել դրանց առկայության մասին ազգային նույնականացման բացակայության պայմաններում պարզապես ծիծաղելի է անգամ ադրբեջանիցների համար:

Այնուհետ ալիեւյան ղեկավարության ներկաայցուցիչը կրկին սկսել է խոսել «ադրբեջանականության գաղափախոսության»՝ Ադրբեջանում քաղաքական հասարակության եւ համաձայնության կայացման վրա ունեցած դրական դերի մասին: Ինչպես հաղորդում է «1news.az»-ը, պաշտոնյայի խոսքերով, գաղափարախոսության հիմանական օգուտը պետք է լինի այն, որ նա համախմբի բոլորին: «Ցավոք, 90-ականների սկզբին իշխանության եկած ԱԱՃ-ն (Ադրբեջանի ազգային ճակատ) մի վայրկյանում իրար դեմ հանեց հասարակության առանձին շերտերին: Եւ դա չի կարելի մոռանալ: Բայց համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի իշխանության գալը լուծեց եւ այդ խնդիրը: Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանում սկսեց ձեւավորվել իր էությամբ նոր նույնականություն, որը չի հակադրում, այլ, ընդհակառակը, համախբում է հասարակության շերտերը»,- ասել է Ֆարհադ Մամեդովը:

Իհարկե, Հեյդար Ալիեւին բավական լավ ժառանգություն էր բաժին հասել գործնականում մոնոազգային պետություն կազմավորելու համար: Ազգային Ճակատի կառավարման տարիներին, ինչպես հիշում է աշխարհը, հայերին զանգվածաբար սպանում ին Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում: ջադերից հետո արդեն 90-ականների սկզբին ադրբեջանական քաղաքները լքեցին ոչ միայն էթնիկ հայերը, այլեւ ռուսները (մի քանի հարյուր հազար մարդ): Եւ ստացվեց այնպես, որ եթե 80-ականների սկզբին Բաքվի բնակչության միայն 47 տոկոսն էր ադրբեջանցի, ապա այսօր այնտեղ նրանցից բացի որեւէ մեկը չի ապրում:

Նման իրավիճակ է ողջ Ադրբեջանի տարածքում, ոսւտի շատ հեշտ է նոր՝ «ադրբեջանականություն» անունով գաղափարախոսություն ստեղծել, որը միաժամանակ «հարմար հովանոց է բոլոր էթնոսների ներկայացուցիչների համար»: