Պետությունը չի կարող սիրիահայերի համար տներ կառուցել։ Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի նախագծի մասին հարցին։
«Այն, ինչ նախարարությունը կարող էր անել, արդեն արել է»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով նախարարությունն օգնել է տարածք հատկացնել եւ կազմել տների տիպային պլանները։ «Եթե կցանկանան կառուցել, խնդրեմ, իսկ եթե ոչ, մենք հո չե՞նք կարող նրանց ստիպել տուն ունենալ»,- հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ նախարարությունում կա սիրիահայերի ներկայացրած 620 հայտ, որոնց կից նշված են այն գումարները, որոնք նրանք պատրաստ են ներդնել։
Հիմա պետությունը սիրիահայերին իր սեփական սահմանափակ միջոցներով այլ կերպ է օգնում. փոխհատուցելով նրանց վարձակալած բնակարանների գումարները։ «Իհարկե այս միջոցը գործում է միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Ցավոք, ներգաղթյալների վերջին հոսքը մարդիկ էին, ովքեր կորցրել էին ամեն ինչ։ Եթե 4 տարի առաջ Հայաստան էին գալիս ժամանակին կողմնորոշված քաղաքացիները, որոնք որոշակի գումար ունեին, ապա հիմա գալիս են մարդիկ, որոնք առհասարակ ոչինչ չունեն»,- հայտարարեց Հակոբյանը։




























