Հայաստանի նախաձեռնած «Տիկնիկները՝ հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսություն» համաշխարհային երթը կոչ է աշխարհին՝ մտորել հանուն ապագա սերունդների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ամենահին՝ Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այդ կոչը ներկայում ավելի քան տեղին է. «Ժամանակակից աշխարհում, երբ այստեղ եւ այնտեղ պատերազմներ են, բացահայտ ու քողարկված պատերազմական կոչեր են հնչում, երբ քաղաքական շահերը հանգում են պատերազմի, իսկ բարիքների բաժանումը տեղի չի ունենում առանց արյունահեղության: Աշխարհը տառապում է խելամիտ մոտեցման եւ բարության պակասից»:

«Տիկնիկների համաշխարհային երթը, չնայած թվացյալ զվարճանքին, զգոնության լուրջ կոչ է, որը հիշեցնում է այն մասին, որ հանուն մարդկանց ապագայի եւ ամբողջ քաղաքակրթության հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ սերունդներին ճիշտ դաստիարակելու համար: Երեխան ինչ տեսնում է, այն էլ դառնում է: Զենք է տեսնում՝ միայն ուժը կգնահատի: Արվեստ եւ մշակույթ է տեսնում՝ կգնահատի դրանք»,- ընդգծեց Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ երթը համընկնում է Հայաստանի ամենատարեց՝ Գյումրիի տիկնիկային թատրոնի 8-ամյակի հետ:

Հունիսի 1-ին Երեւանում մեկնարկած համաշխարհային երթին եւ տիկնիկային թատրոնների փառատոնին, հայկական թատրոններից բացի, մասնակցում են նաեւ 11 երկրների թատերախմբեր: Երթը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 7-ամյակին: Հայաստանի նախաձեռնած այս ակցիային միացել են 95 երկրների UNIMA-ի ազգային կենտրոններ: Երթը կավարտվի Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մոտ սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրն ու Հայաստանի անկախության տոնին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի