Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, մայիսի 23-ից անհետ կորած 43-ամյա Հովհաննես Խաչատրյանին 7 օր անց հայտնաբերել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը:
Նա նշեց, որ տղամարդուն հայտնաբերել են Մովսես Խորենացի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում՝ խոտերի մեջ: Պարզվել է, որ Հովհաննես Խաչատրյանը ինսուլտ է ստացել եւ մահացել: Նրան արդեն հուղարկավորել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորե-նացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։
Հ. Խաչատրյանի երեխաները դպրոցահասակ են, կինը մանկավարժ է, աշխատում է գյուղի դպրոցում, ընտանիքը ապրում է հոր հետ միասին, տղամարդու մայրը մեկ տարի առաջ է մահացել, սոցիալական պայմանները նորմալ է: «Ինքը կոշիկի գործ է անում, սովորական առավոտյան գնացել է գործի, մինչեւ 15.00-ն իրեն տեսնող եղել է, բայց հետո եկել տեսել են դուռը բաց, Հովոն՝ չկա, զանգել են, զանգեր գնում էր, պատասխանող չկար, իսկ գիշերն արդեն անհասանելի դարձավ համարը: Բոլորս ապշած ենք, թե ինչ կարող էր լինել, ամբողջ գյուղը, ոստիկանները որոնում են»,-ավելի վաղ ասել էր Թորգոմ Սահակյանը:





























